2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

«ՄԵՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿԵՂԾ, ՄԱՐՏՆՉՈՂ ԻՍԼԱՄ ԴԱՎԱՆՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԵՆ»

«ՄԵՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿԵՂԾ, ՄԱՐՏՆՉՈՂ ԻՍԼԱՄ ԴԱՎԱՆՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԵՆ»
04.10.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ
-Ձեր կարծիքով` իշխանություն-ՀԱԿ երկխոսությունն ընդհատվա՞ծ, թե՞ ավարտված է:
-Օգոստոսյան երկխոսությունն ընդհատված է, և սկսված է առճակատման գնացող ուժերի բազմախոսություն, որին մասնակցում են թե՛ ներսը, թե՛ դուրսը: Այդ բազմախոսության բաղկացուցիչ մասերից են քայլերը, որ ձեռնարկեց ԱՄՆ-ը` ընդունելով Սերժ Սարգսյանին, Հայաստանում Գերմանիայի դեսպանի հայտարարությունները Հայաստանի ներքին զարգացումների վերաբերյալ, որոշակի հրապարակումները Հայաստանի օլիգարխիական համակարգի վերաբերյալ ռուսական մամուլում... Եվ, իհարկե, Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթների ուղերձները հանրահավաքներում: Այս բազմախոսությունը կողմնորոշում է դրսի ու ներսի ուժերին ինչ անել: Այս ամենի հետ ժողովուրդը կարող է ոչ մի կապ չունենալ, այսինքն` գործողությունները ծավալվելու են կեղծ, գիշատիչ Հայաստանի հետ, այն համակարգերի, այն անձանց հետ, ովքեր իշխանություն ունեն կամ հույս ունեն իշխանություն ունենալու, փող ունեն կամ հույս ունեն փող ունենալու, այդ բոլոր համակարգերը մտնելու են իրարից ինչ-որ բան խլելու գործընթացի մեջ: Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: Իհարկե, ժողովրդի գործոնը մնում է և մնում է առնվազն մեկ քաղաքական ուժ` ՀԱԿ-ը, որ հայտարարում է` ես ժողովրդին եմ բարձրացնում, թեպետ հիմա ուրիշ ուժեր էլ կմտնեն գործընթացի մեջ ու կսկսեն ժողովրդի անունից խոսել: ՀԱԿ-ի հեղինակության կորուստը վերջին ժամանակներում կապված է ժողովրդի մղումներին չարձագանքելու և էլիտայում ընդունված ճանապարհով գնալու հետ: Ինչքանո՞վ ՀԱԿ-ը կկարողանա դա հաղթահարել, կամ ո՞վ կհաղթահարի, ժողովուրդը կմտնի՞ գործընթացի մեջ, թե՞ ոչ` այս հարցերի պատասխաններից են կախված ներհայաստանյան զարգացումները: Կամ կշարունակվեն ռազմախաղերը էլիտայի ներսում, կամ որպես դերակատար ժողովուրդը կմտնի խաղի մեջ:
-Հայաստանում ժողովուրդը խաղի մեջ մտնում է արտաքին վտանգի կամ ազգային խնդիրների սպառնալիքների դեպքում, կա՞ն նման սպառնալիքներ:
-Կա արտաքին վտանգ, որը շատ շոշափելի է, ու դուք գիտեք, որ պիտի պաշտպանվեք, կա արտաքին վտանգ, որ գալիս է իբրև կյանքի փիլիսոփայություն: Երբ այդ փիլիսոփայությունը տիրում է ձեզ, այլևս ոչ մի թշնամի ձեզ պետք չէ, դուք ինքներդ դառնում եք ձեր թշնամին ու սկսում եք փախչել երկրից: Ադրբեջանի ագրեսիան այնքան մարդ չտարավ Հայաստանից, ինչքան այն գիշատիչ համակարգը, որ մենք ստեղծեցինք ուրիշի գաղափարը վերցնելով, այդ իմաստով տոտալ ագրեսիան Հայաստանում շարունակվում է ու ցանկացած պահի կարող է ֆիզիկական ագրեսիայի վերածվել: Մի մոռացեք, որ որոշ օլիգարխներ այդ հարցերը անգամ հրապարակային էին քննարկում` հայերը լավ աշխատուժ չեն, շատ ավելի գերադասելի են վիետնամցիները կամ չինացիները. ավելի քիչ են ուտում, ամբողջ օրն աշխատում են, քաղաքական պահանջներ չեն դնում: Եվս մի հարց. եթե Թուրքիայի հետ սահմանը բացվում է Հայաստանում օլիգարխիկ համակարգին զուգահեռ, հայերը լքելու են երկիրը, տեղը ո՞վ է գալու:
-Պատերազմի սպառնալիքը ռեա՞լ եք համարում:
-Պատերազմի որևէ ռեալություն այսօր չկա, բայց կա ուրիշ երևույթ: Աշխարհը դիմակայում է նոր մարտահրավերներին, մեզ համար այդ մարտահրավերները 100 անգամ ավելի ծանր կարող են լինել, քան եղել են մինչև այսօր: Ի՞նչ ենք մենք ունեցել` երկրաշարժ, փակ սահմաններ, պատերազմ Ադրբեջանի հետ, պետական քաղաքական ու տնտեսական համակարգի փլուզում` այս ամենը 20 տարում ֆանտաստիկ ծանրության խնդիրներ են եղել, որոնց ժողովուրդը բախվել է, հիմա այդ խնդիրները կարող են բազմապատկվել:
-Կասանդրայի սինդրո՞մ ունեք:
-Ես չեմ գուշակում, ես մեջբերում եմ աշխարհի համար վերլուծական կենտրոններում կատարված ուսումնասիրությունների արդյունքները:
-Եվ ի՞նչ, աշխարհի վերջն ուսումնասիրվա՞ծ է:
-Աշխարհի համար գուշակված են հետևյալ մարտահրավերները. բնական աղետների հաճախականության մեծացում, էներգետիկ խնդիրներ պարենային լուրջ պրոբլեմ, ջրի լուրջ պրոբլեմ, պարենի և ջրի պրոբլեմները բերելու են քաղաքական լուրջ առճակատումներ, որովհետև ով պարեն ու ջուր չունի, կռվելու է նրա հետ, ով ունի: Հավելեք ֆինանսատնտեսական ճգնաժամը, որից աշխարհը ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ, որովհետև գիշատիչ համակարգը ոչինչ կորցնել չի ուզում:
-ՈՒրեմն` վերջի սկի՞զբն է:
-Դիմակայելու համար աշխարհը պիտի գա իր ներդաշնակ վիճակին, մենք պիտի գանք մեր ներդաշնակ վիճակին, մինչդեռ հիմա մենք մի լուծում ունենք միայն` փախչել մարտահրավերից: Ոչ ոք չի կարող ասել, թե աղետը որտեղ ավելի ուժեղ կհարվածի: Ամենաբարեկեցիկ երկրում աղետը կարող է ավելի մեծ լինել, քան այսօրվա Հայաստանում, որ ջրի, պարենի իմաստով ավելի ապահով է:
-Արաբական գարնանային հեղափոխությունները համակա՞րգ փոխեցին, ներդաշնակ վիճակի՞ բերեցին, նավթի՞ ճանապարհն էր բացվում, թե՞ ժողովրդավարության:
-Ցանկացած ժողովուրդ, երբ ոտքի է կանգնում, փնտրում է ավելի արդար աշխարհ, և միշտ առաջանում է խնդիր` իր ինքնության հետ համապատասխանության կհանգի՞, թե՞ ոչ: Արաբական հեղափոխությունները, անկասկած, նման տարր պարունակում էին, բայց որքան դա կգիտակցվի և կիրականացվի, ժամանակը կասի: 1988-ին մենք այդ փորձն ունեցել ենք, մի պահ ամբողջականացել ենք մեր ինքնության հետ, հետո նորից կորցրել ենք և ուրիշ ճանապարհով ենք գնացել: Նույնը նրանց դեպքում կարող է լինել: Երկրորդ հանգամանքը` Արևմուտքը փորձում է աշխարհին տիրելու պահը երկարաձգել և իր համակարգը սրբագրելով ուժեղացնել, նա լուծում է մի խնդիր` փորձում է ժողովրդի համակրանքը շահել հարվածելով նրա կողոպտիչ համակարգերին: Մինչև վերջերս Եգիպտոսում գործում էր արևմտյան համակարգ, որի շնորհիվ մի խումբ մարդիկ հսկայական ունեցվածք են դիզել, համաշխարհային կապիտալի համակարգին զարգացում է պետք գոյատևելու համար, ուստի պետք են սպառման շուկաներ, որոնք ժամանակակից աշխարհում խիստ սահմանափակվել են, որովհետև մարդիկ այնքան են աղքատացել, որ գնողունակ չեն, նրանց պետք է բարձրացնել: Այսինքն` պետք է այդ երկրներին զարգացման հնարավորություններ տալ, օլիգարխիկ կլանային կամ բացարձակ բռնապետերի համակարգը վերացնել և ժողովրդին գնողունակ դարձնել: Միևնույն է` նրանք իրենց ռեսուրսները տալու են ու փոխարենն Արևմուտքի արտադրանքն են տանելու:
-Մենք ի՞նչ ունենք սովորելու:
-Փորձ. մենք տեսանք շատ բարձր մակարդակի հասած մարդիկ ինչպես են կորցնում ունեցածը, մենք պիտի ձևավորենք գիտակցման համակարգ, առայժմ մենք ունենք բազմաթիվ գիտակից մարդիկ, բայց չունենք համակարգ: Այսօր իրերի բերումով գիտակից մարդիկ սպասարկում են գիշատիչ համակարգը, ոմանք այդ համակարգի մաս են դարձել, ոմանք որոշակի գումարներ են ծախսում, որ անընդհատ խոսեն իրենցից, իրենց ձեռքբերումներից, կան և իսկապես գիտակից մարդիկ, որ հասկանում են` Պետրոսն ավելի արդար չէ Պողոսից, որովհետև չի սկսել Պողոսի կյանքով ապրել, հենց սկսի, Պետրոսը նույն Պողոսն է դառնալու: ՈՒր պիտի գնանք, ինչպիսին պիտի լինի մեր համակարգը` մեր ամբողջականությունը այդ խնդիրը պիտի լուծի:
-Ինչո՞վ եք բացատրում, որ արաբական հեղափոխություններից հետո Թուրքիան տարածաշրջանում ջանում է առաջատար դառնալ:
-Այո, Թուրքիան փորձում է առաջատար դառնալ, վերջին տարիներին ընդհանրապես Թուրքիան մեծ ջանքեր գործադրեց ժամանակակից գիշատիչ աշխարհից իրենը պոկելու համար: Այսօրվա Թուրքիայում երկու զուգահեռ միտումներ կան` վերագտնել սեփական ինքնությունը և դառնալ գիշատիչ աշխարհի մաս: Ի հետևանս` Թուրքիան մեծ վտանգներ է ստեղծում թե՛ իր, թե՛ իր հարևանների համար: Փորձում է առաջատար դառնալ, բայց այդ ճանապարհին համարյա թե բոլորի հետ հասցրեց հարաբերությունները փչացնել:
-«0 պրոբլեմներ հարևանների հետ» քաղաքականությունը ձախողվե՞ց, ձևափոխվե՞ց:
-Աշխարհը շատ դինամիկ է, հնարավոր չէ ասել` արդեն ձախողվել է, կամ հիմա ձևափոխվել է: Կան ավելի ուժեղ խաղացողներ, որ զինանոցում ունեն Թուրքիան իբրև գործիք:
-ԱՄՆ-ը նկատի ունե՞ք:
-Ոչ միայն, Եվրամիությունը, Ռուսաստանը, Իրանը, որ շատ շատերի համար շատ ավելի ընդունելի երկիր է` իր ինքնության վերականգնման նվազ խնդիրներ ունենալով։ Ես չեմ զարմանա, եթե իմանամ, որ Իրանը գաղտնի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի հետ: Իրանն առանձնահատուկ երկիր է, գիշատիչ չէ և ավելի քիչ պրոբլեմներ է ստեղծում իր հարևանների հետ, քան գիշատչության ձգտող երկրները:
-Ձեր կարծիքով` Պաղեստին պետություն կստեղծվի՞:
-Այո:
-Եթե քվեարկությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից դուրս գա, Հայաստանն ինչպե՞ս պետք է քվեարկի:
-Կարծում եմ` Հայաստանը կողմ կքվեարկի և ճիշտ էլ կանի, մենք իսլամական աշխարհի հետ բացատրվելու պրոբլեմ ունենք, մեր շատ կրավորական կեցվածքի պատճառով Իսլամական համագործակցության կազմակերպությունը Ղարաբաղի հարցում անընդհատ մեր դեմ է գործում:
-Ի՞նչ անենք մի կազմակերպությունում, որի անդամ չենք կարող լինել:
-Մի 10 տարի առաջ բոլորովին այլ իրավիճակ էր, այն ժամանակ մենք այդ երկրների հետ աշխատում էինք, փորձում էինք ընդհանուր նպատակների շրջանակ ստեղծել, իսլամական աշխարհում մենք շատ լուրջ բարեկամներ ունենք` խորքային իսլամ դավանող երկրների հետ մենք խնդիրներ չունենք, մեր խնդիրները կեղծ, մարտնչող իսլամ դավանող երկրների հետ են: Նրանց հետ պրոբլեմներ ունի ամբողջ աշխարհը: Պրոբլեմները պետք է լուծել ոչ թե առճակատումով, այլ մյուս երկրների հետ ընդհանրական լուծումներ գտնելու միջոցով: Հայաստանը քրիստոնեական աշխարհի ֆորպոստ է, ոչ թե մարտնչող ֆորպոստ, այլ խոսող:
-«Միասնական Ռուսաստան» կուսակցության համագումարում ՌԴ նախագահի թեկնածու առաջադրվեց նախկին նախագահը, գործող նախագահը` վարչապետ: Ի՞նչ հետևանքներ կարող է այդ որոշումն ունենալ մեր երկրում:
-Ռուսաստանում տեղի ունեցած փոփոխությունը նոր հարցադրում է ինչպես աշխարհի, այնպես էլ Հայաստանի համար։ Իրականում գաղտնիք չկա, այն, ինչի շուրջ լեգենդներ էին ստեղծվում, բացահայտ հայտարարվեց։ Բայց կա մի կարևոր հանգամանք. չմոռանանք, որ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում շատ որոշակի համակարգի ներկայացուցիչ էր, որ բավականին արագ ու անսպասելի դարձավ նախագահ։ Կա տեսակետ, որ դա Ռուսաստանի հատուկ ծառայությունների շատ նուրբ օպերացիան էր, նրանք փորձում էին նոր աշխարհի քաղաքական համակարգում հարմարվել ու պահել Ռուսաստանը։ Այս տարիներին բոլորը գիտեին, որ Ռուսաստանի իրական կառավարիչը Վլադիմիր Պուտինն է, և այս փաստի բացահայտ ներկայացումը նշանակեց վերջ որոշակի խաղերին։ Պուտինն այսօրվանից հռչակված է Ռուսաստանի ռեալ ղեկավար։ Ամբողջ աշխարհում սա որոշակի արձագանք ունեցավ, իսկ Հայաստանում բավականին մեծ աղմուկ ստեղծեց, որովհետև մեր կեղծ ընտրանին միշտ մտածում է, թե ինքը ի՞նչ կարող է շահել։ Բայց ամենակարևոր հարցն այն է, թե ի՞նչ Պուտինի հետ գործ ունենք. ա՞յն Պուտինի, որն ամբողջությամբ այսօրվա աշխարհից կախվածության մեջ գտնվող Ռուսաստանի նախագահն էր, թե՞ այլ Պուտինի, որը նոր լուծումներ է գտել։ Նախկին Պուտինը գործում էր գիշատչային համակարգում ու նույն ձևով առաջնորդվելով` փորձում էր ցանկացածին օգտագործել, ցանկացածին դարձնել գործիք։ Իսկ Հայաստանի գիշատիչ համակարգում հարցերի հարցն է, թե ո՛վ է դառնալու Ռուսաստանի ծառան, ո՛ւմ է թույլ տրվելու Ռուսաստանի անունից այստեղ թալանով զբաղվել։ Մինչ իրական Հայաստանի համար, ինչպես արդեն նշել եմ, բանաձևը մեկն է` հավերժ, հավերժ Ռուսաստանի հետ (բայց ոչ ընթացիկ գիշատիչ)։
Զրույցը վարեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ
Հ. Գ. -Հարցազրույցը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին:

Դիտվել է՝ 1022

Մեկնաբանություններ